Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Գետնամորի անտառային

Գետնամորի անտառային

Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, գիտական անվանումն է Fragaria vesca: Կոճղարմատից հորիզոնական ուղղությամբ տարածվող մազարմատներից դուրս են գալիս երկար սողացող ընձյուղները, որոնց վրա կան արմատավորվող հանգույցներ: Ցողունի առավելագույն բարձրությունը 30 սմ է:

 

Մերձարմատային տերեւները բաղկացած են 3 երկարակոթուն, սղոցաեզր տերեւներից, որոնք առաջացնում են վարդյակ: 

 

Ծաղիկները սպիտակ են, խոշոր, երկարակոթուն, հավաքված են նոսր կիսավահանաձեւ ծաղկաբույլերում: Ծաղկում է մայիս – հունիս ամիսներին, պտղաբերում է հուլիսին:

 

Հատապտուղը, դա մսոտ ծաղկապսակն է, իսկ այն պատող բազմաթիվ սերմերը պտուղներն են: Հատապտուղը զգայուն է արեւի հանդեպ՝ արեւմտյան կողմի պտուղներն ավելի գունատ են: Տարածված է Լոռիում, Սեւանի ավազանում՝ կեչուտներում ու սոճուտներում, այլ անտառների բացատներում, մարգագետիններում:

 

ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գետնամորի անտառայինի հատապտուղների 100 գ զանգվածի էներգետիկ արժեքը 41 կկալ է: Նույն քանակության մեջ պարունակվում է 87. 4 գ ջուր, 0.4 գ մոխիր, 0.8 գ սպիտակուց, 0.4 գ ճարպ, 9.7 գ ածխաջրեր: Մարդու օրգանիզմին անհրաժեշտ խաղողաշաքարի (գլյուկոզա) 1օրվա պահանջարկի 27 % -ը, մրգաշաքար (ֆրուկտոզա )՝ 6.9 %, բջջանք՝11 %: Չհագեցված ճարպաթթուներ. օմեգա-3՝ 16.6 %, օմեգա – 6՝ 1.8 %: Բուսական ստերոլներ՝ 22 %, պուրիններ՝ 8.3 %: 

 

 

Գետնամորի անտառայինի հատապտղի հիմնական հարստությունը ասկորբինաթթուն է ( C վիտամին ), 100 գ հումքի մեջ պարունակվում է 60 մգ, որը չափահասի օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 86 % - ն է: Պարունակում է ոչ մեծ քանակությամբ այլ վիտամիններ՝ B1 (2%), B2 (3%), B5 (4 %), B6 (3 %), B9 (3%), E (3.5 %), PP (2% ), H (5% ), բետա կարոտին ( 1 %), քոլին (1.1%), K (2%):

 

Մակրոտարրեր`կալիում (6%), կալիցում (4%), մագնեզիում (5%), ֆոսֆոր (3%), սիլիցիում (330%), նատրիում, քլոր ու ծծումբ 1- ական %:

 

Միկրոտարրեր՝ բոր (264%), կոբալտ (40%), վանադիում (22.5%), ռուբիդիում (18%), մոլիբդեն (14%), արսեն (14%), պղինձ (13%) , մանգանեղ (10%), երկաթ (7%), քրոմ(4%), ցինկ (1.3%), յոդ (1%), ստրոնցիում, սելեն, այլ:

 

Գետնամորի անտառայինի պտուղը պարունակում է նաեւ մինչեւ 1.5% օրգանական թթուներ, 4 % դաբաղանյութեր նաեւ ֆլավոններ ու անտոցիաններ:

 

Տերեւը պարունակում է 4.5 անգամ ավելի ասկորբինաթթու, քան հատապտուղը, գլյուկոզիդ ֆրագարին, դաբաղանյութ, եթերային յուղեր, մանրէասպան ֆիտոնցիդներ, կիտրոնաթթու, խնձորաթթու, ու սալիցիլաթթու: 

 

 

Կոճղարմատը պարունակում է մինչեւ 9.4% դաբաղանյութ:

 

Բուժական նպատակներով տերեւները հավաքեք ծաղկման շրջանում, իսկ արմատը՝ աշնանը: Տերեւը չորացնելուց առաջ կտրեք կոթունը, փռեք թղթի կամ կտորի վրա օդափոխվող ծածկի տակ: Պահպանման ժամկետը 1 տարի է:

 

Պտուղը հավաքեք երեկոյան, հեռացրեք պտղակոթունը ու չորացրեք ծածկի տակ կամ ջեռոցում ( 45 - 60 C ): 

 

 

ԳԵՏՆԱՄՈՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆԻ ՕԳՏԱԿԱՐ ԱԶԴԵՑՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ


Հատապտուղը , հյութը, թարմ կամ չոր հատապտղի ու տերեւի թուրմերն ունեն միզամուղ հատկություն, նպաստում են այտուցների հեռացմանը: Կարգավորում են կալցիումի, ֆոսֆորի ու մագնիումի փոխանակումը, տրոհում են վնասակար նյութերի նստվածքը:

 

ՏԵՐԵՎ: Թուրմն ունի լեղամուղ, միզամուղ, քրտնամուղ ու հակաբորբոքային ազդեցություն , ամրացնում է լնդերն ու ոսկորները, նպաստում է հոդերի ճկունության ավելացմանը: Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի, այտուցվածության, անքնության, բրոնխերի ասթմայի, ավիտամինոզի, լեղաքարային ու միզաքարային հիվանդությունների, հոդատապի, սակավարյունության բուժման պարագայում՝ հատկապես ապաքինվող հիվանդներին:

 

ՀԱՏԱՊՏՈւՂ: Գետնամորու հատապտուղն ու հյութը խորհուրդ են տրվում հետեւյալ հիվանդությունների կայուն ռեմիսիայի շրջանում:

 

  • Սրտի անոթների աթերոսկլերոզ՝ իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա:
  • Ուղեղի անոթների աթերոսկլերոզ :
  • Ստամոքսաբորբ, ստամոքսի ու 12 – մատնյա աղու խոց:
  • Հաստ աղու բորբոքում (կոլիտ ):
  • Բարակ աղու բորբոքում (էնտերիտ):
  • Լեղապարկի ( խոլեցիստիտ) , լյարդի ( հեպատիտ) , ենթաստամոքսային գեղձի (պանկրեատիտ ) բորբոքային հիվանդություններ:
  • Դիսբակտերիոզ:
  • Վահանագեղձի ցածր կամ բարձր ֆունկցիա՝ հիպո- կամ հիպերտիրեոզ:
  • Սակավարյունութուն (անեմիա):
  • Շաքարային դիաբետ:

 


ԴԵՂԱՏՈՄՍԵՐ, ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ


 

  • Խորհուրդ է տրվում ուտել 100 -ական գրամ՝ օրը 2 – 3 անգամ, 100 մլ կաթի կամ 50 մլ մածունի հետ: Հատապտուղը սառեցրեք 200-250 մլ տարողությամբ տարաների մեջ:
  • Պահածոյացրեք գետնամորու տրորած հատապտղի ու շաքարավազի կամ մեղրի խառնուրդը (2 : 3):
  • Հյութը խորհուրդ է տրվում խմել լեղաքարային հիվանդության ու շաքարային դիաբետի բուժման ընթացքում ՝ օրը 30 - 50 մլ, ուտելուց առաջ:
  • Միզաքարային հիվանդության ու շաքարային դիաբետի բուժման արդյունավետությանը նպաստում են գետնամորի անտառայինի հատապտղի, տերեւի կամ դրանց խառնուրդի (1:1) թուրմերը:

 

ԹՈւՐՄԵՐ


ՀԱՏԱՊՏՈւՂ: 50 գ հատապտուղը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ:

 

ՏԵՐԵՎ: Չոր տերեւները մանրացրեք, 20 գ հումքը 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 100 –ական մլ, օրը 4 անգամ:

 

ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ


Խառնեք գետնամորու ու դեղձի հյութերը (1:2): Խմեք 100 –ական մլ՝ ճաշից ու ընթրիքից կես ժամ առաջ: Կանխարգելում է բորբոքումների ու խոցերի զարգացումը ստամոքսում, աղիներում ու լեղուղիներում:

 

 

ԶԳՈւՇԱՑՈւՄ: Գետնամորու հատապտուղը շատերի մոտ ալերգիա է առաջացնում, այդ իսկ պատճառով պետք է ուտել մածունի, կաթի կամ թթվասերի հետ:

 

Ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում ուտել եփված հատապտուղ:

Հեղինակ. Ջուլիետա Սահակյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. two-worlds.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ